ԱՄՆ-ի պետքարտուղար Մարկո Ռուբիոն շաբաթ օրը հեռախոսազրույց է ունեցել ռուսաստանցի պաշտոնակից Սերգեյ Լավրովի հետ՝ վերջին բանակցությունների վերաբերյալ տեղեկություն ստանալու նպատակով։ «Մի կողմից, մենք փորձում ենք խաղաղության հասնել և վերջ դնել շատ արյունալի, թանկարժեք և կործանարար պատերազմին, ուստի որոշակի համբերություն է պահանջվում։ Մյուս կողմից, մենք զուր վատնելու ժամանակ չունենք։ Աշխարհում շատ այլ բաներ են տեղի ունենում, որոնց մենք նույնպես պետք է ուշադրություն դարձնենք»,- ընդգծել է Ռուբիոն։               
 

«Ատլանտիդան որոնելիս»

«Ատլանտիդան որոնելիս»
11.12.2012 | 11:36

Իսրայելում ավարտվեց ծանրամարտի քսան և քսաներեք տարեկանների Եվրոպայի առաջնությունը: Հայ ծանրորդների համար այն վերջին լուրջ քննությունն էր ընթացիկ տարում, տարի, որն ավելի շատ խորտակված հույսերի էր, իհարկե, բացառելով մեր պատանիների ու բառիս բուն իմաստով մեր երեկվա պատանիների մրցելույթները:
Գիտե՞ք՝ արդեն ինքս իմ աչքին ծիծաղելի կդառնամ, եթե շարունակեմ մանուկի նման հավատալ, թե մարզաձևի մեր պատասխանատուները թերթ են կարդում: Սակայն կարծես թե չափից ավելի կատեգորիկ եղա: Գուցե և կարդում են: Իրենց ունկին հարմարները: Այդպես շատ ավելի հանգիստ է ու ապահով, ավելի անհոգ է: Նաև՝ չաղ ու բախտավոր: Այնքան ժամանակ՝ քանի դեռ կացինը չի իջել նրանցից մեկնումեկի գլխին՝ բացահայտ կամ կոնյունկտուրային շահերի պարտադրմամբ: Այդ թվում և՝ քաղաքական:
ՈՒսանողական համաշխարհային երրորդ խաղերին մեր ընտրանու մասնակցության մասին գրեցինք՝ փորձելով հիմնախնդիր բարձրացնել: Տարբերակ է, չեմ բացառում, կարող է իրենք իրենց մեջ մի կեսբերան հորանջեցին՝ «Ի՞նչ է ուզում. չորս հատ արծաթ ենք բերել, երկու հատ՝ բրոնզ», ու հորանջով էլ խնդիրը լուծված համարեցին: Ասում եմ՝ կարող է՝ նկատի ունենալով կարդալու պարագան: Այդ մեդալները բարձրացված ի՞նչ արդյունքներով ամրագրվեցին, դրանք որքանո՞վ մրցունակ են Եվրոպայում ու աշխարհում, կարծես թե ոչ մեկին չի էլ հետաքրքրում: Այսօրինակ վերաբերմունքը նման է փայլուն բան ստացած երեխայի պահվածքին, ում, տարիքային առանձնահատկություն է, ստացածի մեջ բովանդակային կողմը չէ, որ հետաքրքրում է:
Լավ: Դառնանք օրերս ավարտված Եվրոպայի առաջնությանը:
Հավաքականի Իսրայել մեկնելուց չորս օր առաջ էինք Աբովյանում: Մարզաձևը սիրող ու ձեռքի հետ լրագրությամբ մի քիչ զբաղվող մարդու պարտք է՝ հետաքրքրվեցինք, իմացանք ո՞ւմ և ինչո՞ւ են տանում Եվրոպա, ի՞նչ ակնկալիքներ ունեն մասնակցությունից ու այդ մասին սրբորեն տեղեկացրինք ընթերցողին: Տեղեկացրինք, սակայն մրցումների ընթացքում բավականին էլ զարմացանք՝ մասնակիցների մեջ առանձին ծանրորդների անուններ չլսելով: Չէ, այդպես լինում է, որ վերջին պահին ինչ-որ բան փոխվում է (հազար ու մի հարց կա), բայց դե, կներեք, միանգամից պլանավորված չորս մասնակի՞ց:
Ինչևէ: Մարզիչների նշածներից քսան տարեկաններից չկային Վարդան Կարապետյանը (77 կգ), Անուշավան Մկրտչյանը (85 կգ), 94 կգ քաշային Մկրտիչ Մկրտչյանը, Նորայր Տոնոյանը (77 կգ)` քսաներեք տարեկաններից: Փոխարենը, ի դեմս քսաներկուամյա գերծանրքաշային Կարապետ Բարսեղյանի, ունեցել էին նոր համալրում, ում փորձարկելը թե որքանով էր հիմնավորված, մնում է դարի գաղտնիք, որովհետև քաշային այս կարգում, եթե մեդալային հավակնություններ ունես, չորս հարյուր կիլոգրամից պակաս արդյունք պիտի մտքումդ չունենաս, մինչդեռ մեր նոր ուժն առաջնությանը ցույց է տվել 352 (155+197) կիլոգրամ արդյունք: Ճիշտ հասկացեք, մարզիկի անձի դեմ մենք անձնապես ոչինչ չունենք, բայց սա լո՞ւրջ մոտեցում է: Եթե սրանում որևէ մեկը տեսնում է լրջություն, թող քիչ թե շատ հոդաբաշխ բացատրություն տա, մենք էլ լսենք ու մարդկայնորեն փորձենք հասկանալ նրան: Ախր, սիրելիներս, այսպես չի լինում և ոչ մի լուրջ երկրում: Նման կեցվածք չի կարող ունենալ և ոչ մի երկրի հավաքականի մարզիչ, եթե հավաքականի կազմավորումը նրա տնօրինության տակ է, նման կեցվածք չի կարող իրեն թույլ տալ և ոչ մի երկրի ֆեդերացիայի նախագահ (դարձյալ նույն պատճառաբանությամբ), չի կարող թույլ տալ և ոչ մի… կարող եմ շարունակել՝ օղակ առ օղակ հերթով վեր բարձրանալով, սակայն վախենում եմ կախարդական շրջապտույտի մեջ հայտնվելուց ու երկրի մասին ընդհանրացված դատողություն անելուց, ինչը, հատկապես նախընտրական այս թոհուբուհի մեջ, հավասարապես անցանկալի է թե՛ իշխանության, թե՛ ընդդիմության համար, չնայած երկուսն էլ նույն սանրի կտավ են: Լավ, շրջանցենք այս «նրբագույն» թեման, անցնենք բուն շոշափելիքին:
Ի՞նչ տվեց մեզ առաջնությունը նոր անունների բացահայտման առումով: Սկզբունքորեն մի Տիգրան Կարապետյան ու վերջ: Ընդ որում՝ խնդիրը բնավ էլ ո՛չ նրա պոկում վարժության փոքր (153 կգ), ո՛չ էլ, առավել ևս երկամարտի մեծ արծաթն է (355 կգ): Խնդիրն այս քաշային կարգում նրա քիչ թե շատ մրցունակ լինելու հեռանկարն է: Ինչ վերաբերում է երկրին երեք արծաթ բերած Գոռ Մինասյանին, գյումրեցի այս հսկան մայրուղի ելած «Մերսեդես» է՝ մրցումից մրցում ոտքը գազի ոտնակի վրա պահելու ահագնացող ուժով (նրա 421-ը (191+230) լրջորեն ծանր կիլոգրամ է տասնութամյա երիտասարդի համար): Լավն է հրումում ոսկով (192 կգ), պոկումում (220 կգ) և երկամարտում (412 կգ) բրոնզով ելույթը նշանավորած գյումրեցի մյուս հսկան՝ Հայկ Հակոբյանը, ով, մարզիչների հավաստմամբ, շատ ավելի լավը կլինի, եթե գոնե մի տասը-տասնհինգ կիլոյով ջանի գա, այլապես 120-125 կիլոգրամ մրցումային քաշով ավելի շատ ֆոտոմոդել է հիշեցնում (ուժեղ լինելու կողքին ինչո՞ւ չասենք, որ մեր տղան սիրուն-«սիմպատիչնի» է), քան գերծանրքաշային:
Մեկ, որ սկսել ենք, այստեղ հիշենք և մեդալ բերած մյուս մարզիկներին ու բավարարվենք այդքանով, որովհետև թերթի էլեկտրոնային կայքէջում անդրադարձել ենք բոլորի մրցելույթներին, արձանագրած արդյունքներին, հետևաբար կրկնելու հարկ չկա, մանավանդ որ այդ մրցելույթները, առանձին բացառություններով, ասելու բան էլ չեն տալիս: Մեր հավաքականների մեդալային պաշարների մեջ ներդրում են ունեցել նաև Իզաբելա Յայլյանը (53 կգ), Նաիրա Հարությունյանը (+75 կգ), Զորիկ Պողոսյանը (69 կգ): Փոխարենն ասենք ու հիացքով ասենք Ռուսաստանի Դաշնությանը ոսկե ու արծաթե մեդալներ բերած Արմեն Ալեքյանի (69 կգ) ու Ռազմիկ Հունանյանի (77 կգ) մասին, ովքեր ավելի քան պինդ տղաներ են ոչ միայն իրենց բերած, այլև այդ մեդալներն ապահոված ծանր կիլոգրամներով: Ծանր ասելիս հատկապես շեշտադրած ունենք Ռազմիկ Հունանյանի բարձրացրած կիլոգրամները, սակայն, քանի որ սակավախոս եղանք մասնավորապես Գոռ Մինասյանի փայլուն ելույթի պարագայում, սակավախոս լինենք և այստեղ՝ ընթերցողին հուշելով հետաքրքրության համար նայել թերթի էլեկտրոնային էջում զետեղված նյութերը:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 2732

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ